Վանաձորում Լուսավոր Հայաստան, ՀՎԿ-ն եւ ԲՀԿ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել
Հասարակություն2016թ. հոկտեմբերի 8-ին, Լուսավոր Հայաստան կուսակցությունը, Հայկական Վերածնունդ կուսակցությունը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ Վանաձոր քաղաքում համագործակցային կառավարում հաստատելու մասին։ Ստորեւ ներկայացնում ենք համագործակցության հուշագրի տեքստը:
«2016թ. հոկտեմբերի 2-ի Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքում, Լուսավոր Հայաստան կուսակցության (10 մանդատ), Հայկական Վերածնունդ կուսակցության (5 մանդատ) եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության (3 մանդատ) ստացած ձայների համամասնությունը բացառիկ հնարավորություն է ստեղծել Վանաձորի քաղաքային իշխանությունը փոխելու եւ Հայաստանի երրորդ խոշոր քաղաքում համագործակցային կառավարում հաստատելու համար:
Հիմք ընդունելով ընդդիմադիր կուսակցությունների օգտին քվեարկած ընտրողների պահանջը, ինչպես նաեւ ելնելով Վանաձոր քաղաքի առջեւ ծառացած մարտահրավերների լուծման հրամայականից, Լուսավոր Հայաստան կուսակցությունը, Հայկական Վերածնունդ կուսակցությունը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կնքում են համագործակցության սույն հուշագիրը պարտավորվելով`
ա. Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին միասնաբար պաշտպանել Լուսավոր Հայաստան կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող, համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին (ընդհանուր թվով` 18 մանդատ),
բ. Վանաձորի զարգացման հնգամյա ռազմավարական պլանը կառուցել արդյունավետ կառավարման լավագույն սկզբունքների հիման վրա:
գ. Վանաձորում իրականացնել թափանցիկ, հաշվետու, մասնակցային կառավարում, ինչը կերաշխավորի քաղաքի համաչափ զարգացումը, կբացառի կոռուպցիոն ռիսկերը, հովանավորչությունն ու շահերի բախումը, կապահովի հակակշիռների եւ փոխզսպումների արդյունավետ մեխանիզմների ներդրումն ու կիրառումը:
դ. Սույնով, նշված ուժերը, համամասնորեն ներգրավվում եւ ստանձնում են Վանաձոր քաղաքի կառավարման պատասխանատվությունը՝
Լուսավոր Հայաստան կուսակցությունն առաջադրում է քաղաքապետի թեկնածուին։
Հայկական Վերածնունդ կուսակցությունը ներկայացնում է քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածուին։
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնում է քաղաքապետի տեղակալի թեկնածուին։
ՏԻՄ մակարդակում ձեւավորելով համագործակցության մշակույթ՝ կողմերը պարտավորվում համատեղ ջանքերով գործել հանուն Վանաձորի զարգացման»: