Մեզ փորձում են ստիպել ճանաչել Ղարաբաղի անկախությունը. Իլհամ Ալիև
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ փակ դռների հետևում իրենց ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
«Փակ դռների հետևում մեզ վրա մեծ ճնշում է գործադրվում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք չենք բացում շատ փակագծեր, քանի որ կան դիվանագիտության որոշ կանոններ։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին» - Ալիևի խոսքերն է մեջբերում haqqin.az-ը։
Նրա խոսքերով՝ Արցախի հարցում Ադրբեջանի դեմ ակտիվ քարոզչություն է տարվում։
«Արևմտյան մամուլի և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մեր դեմ իրականացվող զրպարտանքի, բամբասանքների և վիրավորանքների արշավի նպատակն է ստիպել մեզ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Քանի դեռ մենք ենք իշխանությունը, իսկ հանրաքվեն, փառք Աստծու, ցույց տվեց, որ մենք դեռ երկար կլինենք իշխանություն, Ադրբեջանը երբեք չի համաձայնի նման գործարքի գնալ։ Լեռնային Ղարաբաղը մեր պատմական անբաժանելի տարածքն է և մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը», - եզրափակել է Ադրբեջանի նախագահը