Ռուսաստանի գործողությունները Սիրիայում պետք է հետաքննել որպես ռազմական հանցագործություն. Ջոն Քերի
HeaderԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում` հօգուտ նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի, պետք է հետաքննել որպես հնարավոր ռազմական հանցագործություն:
Ինչպես հայտնում է BBC-ն, Քերին Մոսկվային և Դամասկոսի կառավարությանը մեղադրել է Հալեպի խաղաղ բնակչությանը ահաբեկելու նպատակաուղղված մարտավարություն իրականացնելու և իրենց ռազմական առաջադրանքները կատարելուն խանգարող յուրաքանչյուրին վերացնելու համար:
Ելույթ ունենալով Վաշինգտնում անցկացվող իր ֆրանսիացի գործընկերոջ` Ժան-Մարկ Էրոյի հետ համատեղ ասուլիսում` Քերին հայտարարել է, որ առկա տվյալների համաձայն` հոկտեմբերի 6-ին Հալեպում ավիահարվածների թիրախում է հայտնվել ևս մեկ հիվանդանոց, ինչի հետևանքով 20 մարդ է զոհվել:
Պետքարտուղարի խոսքով` ակնհայտ է, որ նման հարվածները պատահականության հետ ոչ մի կապ չունեն, և ժամանակն է, որ նման հարձակումների մեղավորները պատասխանատվության կանչվեն: