Կանանց չի կարելի
LifeՀին հույներն ունեին մի սնահավատություն, ըստ որի կարծում էին, թե մարզական միջոցառումների ժամանակ կանանց ներկայությունը կարող է դժբախտություն բերել: Այդ պատճառով օլիմպիական խաղերում կանանց հայտնվելն արգելվում էր մահապատժի սպառնալիքով: Հին օլիմպիական խաղերի ողջ պատմության ընթացքում հայտնի է լոկ մի դեպք, երբ կինը թափանցել է ստադիոն: Այդ կնոջ անունը Ֆերենիկա էր, որի հայրը, ամուսինը և եղբայրը նշանավոր մարզիկներ, օլիմպիական խաղերի հաղթողներ էին: Ֆերենիկան ցանկանում էր, որ իր որդին ևս հաղթի օլիմպիական մրցումներում և արժանանա ձիթենու պսակին: Եվ նա դարձավ իր որդու մարզիչը` նրան պատրաստելով որպես կոփամարտիկ: Այն օրը, երբ նրա որդին պետք է մրցասպարեզ դուրս գար, Ֆերենիկան տղամարդու հագուստով ծպտված եկավ ստադիոն:
Ոգևորված իր որդու հաջողություններից` Ֆերենիկան մարզիչների նստատեղից բաժանող պատնեշի վրայով թռավ մրցասպարեզը, որպեսզի գրկի իր որդուն: Այստեղ էլ դատավորները ճանաչեցին նրան: Սակայն այս անգամ նրանք շեղվեցին իրենց կանոններից, չհամարձակվեցին մահվան դատապարտել այդքան փառաբանված ընտանիքից սերված կնոջը: