ՌԴ-ի հետ ներդրումային նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ առկա է մեծ ներուժ. Վարչապետ
HeaderՀայ-ռուսական տնտեսական հարաբերություններում ներդրումային նոր ծրագրերի իրականացման ու առեւտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ առկա է մեծ ներուժ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային, բարեկամական հարաբերություններն ունեն ամուր հիմքեր եւ ընդգծել, որ երկկողմ փոխգործակցությունը վստահորեն զարգանում է բոլոր ուղղություններով: Նշելով, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական հիմնական գործընկերն է՝ Կարեն Կարապետյանը կարեւորել է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր եւ ավելացրել, որ ներդրումային նոր ծրագրերի իրականացման ու առեւտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ առկա է մեծ ներուժ:
Իվան Վոլինկինը շնորհավորել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ մաղթել նրան նորանոր ձեռքբերումներ: Դեսպանը նշել է, որ հավատում է Հայաստանի նոր կառավարության գործունեության հաջողությանը՝ ավելացնելով, որ պատրաստ է աջակցել համատեղ նախաձեռնությունների իրականացման գործում:
Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը եւ Իվան Վոլինկինն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին եւ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի: