Էրդողանը ԵՄ-ին մեղադրել է փախստականների վերաբերյալ պարտավորությունները չկատարելու համար
HeaderԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ԵՄ-ին քննադատել է, որ իր երկիրը մինչ օրս ամբողջ ծավալով չի ստացել միգրացիոն համաձայնագրով նախատեսված միջոցները:
«ԵՄ-ը մեզ 3 մլրդ եվրո էր խոստացել, որից մենք ստացել ենք ընդամենը 179 մլն եվրո: Մեզ խոստացված գումարները չեն հասնում, բայց դրա փոխարեն փախստականներ են գալիս: Նրանք խոստանում են, սակայն իրենց խոստումը չեն կատարում: Բայց մեզ համար միեւնույն է՝ ստացել ենք այդ փողը, թե ոչ: Մենք կշարունակենք մարդկանց ընդունել, որոնք փախչում են պայթող ականներից»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում ընթացող գիտության եւ տեխնոլոգիայի համաժողովում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԵՄ անդամ երկրների եւ կառավարությունների ղեկավարները մարտի կեսին Թուրքիայի հետ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ պլան էին համաձայնեցրել: Այն, մասնավորապես, նախատեսում է բոլոր ապօրինի միգրանտների վերադարձ Թուրքիա, որոնք Հունաստան էին եկել Թուրքիայի տարածքից, եւ Եվրամիության կողմից Թուրքիայից օրինական սիրիացի միգրանտների ընդունում՝ «մեկը մեկին» սկզբունքով:
Այս համաձայնությունների շրջանակներում մայիսին Եվրահանձնաժողովը Եվրախորհրդարանին եւ ԵՄ Խորհրդին առաջարկել էր Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկել մուտքի սահմանափակումները, եթե Անկարան մինչեւ հունիսի վերջ կատարի դրա համար անհրաժեշտ մյուս պայմանները: