Էրդողանը մեղադրել է Եվրամիությանը Թուրքիայի տված խոստումները չկատարելու մեջ
HeaderԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Եվրամիությանը մեղադրել է տված խոստումները չկատարելու մեջ: Եվրամիությունը խոստումներ էր տվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության և առանց վիզայի ռեժիմ սահմանելու վերաբերյալ:
«Անհրաժեշտ է, որ հոկտեմբերին ուժի մեջ մտնի առանց վիզայի ռեժիմը, բայց Եվրոպան չի կատարում Թուրքիային տված իր խոստումները...այն, որ մենք 53 տարի սպասում ենք Եվրամիության մուտքի մոտ, ցույց է տալիս, թե ինչպես են նրանք մեզ վերաբերում»,-հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացմանը:
Նա նշել է, որ Թուրքիան Եվրամիության վերաբերյալ իր խոստմանը միշտ տեր է եղել և եվրոպացիներից սպասում է անկեղծ ու բաց վերաբերմունքի:
«Մենք չունենք և չենք ունենա որևէ խնդիր այն չափանիշների հետ կապված, որոնք պահանջում է Եվրամիությունը՝ ոչ մարդու իրավունքների, ոչ խոսքի ազատության, ոչ այլ հարցերի հետ կապված: Մենք դրանք ընդունում ենք ոչ Եվրամիության պահանջներից ելնելով, այլ հանուն մեր քաղաքացիների: Եթե Եվրամիությունը Թուրքիային անդամակցության հնարավորություն տա, ապա մենք պատրաստ ենք, բայց այս խաղում մենք հասել ենք վերջին փուլին: Նրանցից է կախված կգնա՞ն առաջ Թուրքիայի հետ, թե ոչ»,-ասել է Էրդողանը: