Բաղրամյան պողոտայում որևէ մեկի ներկա լինելն ավելորդ չէ. «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ
ՀասարակությունTert.am-ը գրում է.
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը համաձայնում է, որ երեկ պատգամավորների և դերասանների այցը և նրանց նախաձեռնությունը՝ կենդանի պատ կազմել ցուցարարների ու ոստիկանների միջև, ոչ միանշանակ է ընդունվել, սակայն իր կարծիքով՝ Բաղրամյան պողոտայում որևէ մեկի ներկա լինելն ավելորդ չէ: Ակտիվիստը նկատեց, թե կոնկրետ իր անձնական կարծիքը որոշ ներկաների նկատմամբ կարող է շատերի սրտով չլինել, բայց տվյալ դեպքում դա անտեղի չէր, քանի որ պատգամավորներն ամեն ինչ արել են, որ նորմալ ընթանա ցույցը
Անդրադառնալով երեկվա փոքրիկ անհասկացողությունը, որ կրկին մի մասը կողմ էր հանդիպել Նախագահ Սարգսյանին, մի մասը՝ ոչ, Վաղինակ Շուշանյանը նշեց, որ իր կարծիքով, եթե Նախագահի հետ հանդիպում պետք է լինի, միայն այն դեպքում, որ մի քանի լրատվամիջոցներ հանդիպումն ուղիղ հեռարձակեին, իսկ ամբողջ ժողովուրդը Բաղրամյան 26 մատույցներում լիներ: Ըստ նրա՝ քննարկման հարց չի կարող հոսանքի սակագնի չեղարկումը լինել, քանի որ դա կայուն և անփոփոխ պահանջ է, կարող էին քննարկել միայն սակագնի նվազեցման հարցը:
Ի դեպ, նա նշեց, որ իր նկատմամբ քրեական գործ կարծես թե չի հարուցվել, նրան 23-ի առավոտյան բերման են ենթարկել խուլիգանության կասկածանքով, և իրենք ոչ մի թղթի տակ չեն ստորագրել: