Կենդանի պատնեշը նրա համար էր, որ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ չկիրառվեն. Ս. Ֆարմանյան
ՀասարակությունTert.am-ը գրում է.
Երեկ` նախորդ օրվա իրադարձություններից հետո հընթացս ձևավորված կենդանի պատվարնախաձեռնությունը նրա համար, որ Երևանի Բաղրամյան պողոտայում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող երիտասարդների ու խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ չկիրառվեն հատուկ միջոցներ:
Tert.am –ին այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ով, ի թիվս որոշ մտավորականների, հոգևորականների, պատգամավորների, գիշերը անցկացրել էր Բաղրամյանի սկզբնամասում` Բաղրամյան 3 հասցեում` ոստիկանության և էլէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող երիտասարդների մեջտեղում` որպես կենդանի պատվար:
«Կենդանի պատվարի մեր նախաձեռնությունը գալիս էր լրացուցիչ երաշխիքներ ապահովելու, որ ոստիկանության ու ցուցարարների կողմից չեն լինի գործողություններ, որոնք կարող են անցանկալի հետևանքներ ունենալ»,- նշեց Սամվել Ֆարմանյանը և հավելեց, որ դրանցից մեկն էլ հատուկ միջոցների կիրառումն է խաղաղ ցուցարարների նկատմամբ:
Ի դեպ, Սամվել Ֆարմանյանը, նախևառաջ նշեց, որ պետք է գիտակցել, որ ոստիկանությունը որևէ պարագայում խաղաղ ցուցարարների նկատմամբ չպետք է հատուկ միջոցներ կիրառի: Հունիսի 22–ի լույս 23-ի գիշերվա տպավորությունները պատգամավորի մոտ երկակի զգացողություններ են առաջարցրել:
«Ոգևորիչ այն առումով, որ անկախության սերունդը, առաջ քաշելով խնդիրներ, կազմակերպված փորձում է հասնել դրանց լուծմանը, և ցուցարարների մեծ մասը կիրթ, գրագետ, լուսավոր, ոգու տեր երիտասարդներ են, որոնցով ցանկացած երկիր կարող է հպարտանալ: Բայց կան նաև մտահոգություն, որը վերաբերում է նրան, որ միանշանակ չէ գիտակցումը, որ այս իրավիճակից Հայաստանը կդառնա ավելի ուժեղ և չեն լինի վրիպումներ, որոնցից չեն օգտվի այլոք, ինչը, ցավոք, եղել է մեր ողջ պատմության ընթացքում»,- հայտարարեց Սամվել Ֆարմանյանը:
Պատգամավորը կարծում է, որ իրավիճակի միակ հնարավոր ճիշտ լուծումը արժանապատիվ երկխոսությունն է, որն այլընտրանք չունի ու ավելացնում.«Եվ մեր երկրի ապագայով մտահոգ բոլոր մտավորականները, հոգևորականները, քաղաքական գործիչները, անհատները պետք է անեն ամենը, որպեսզի այն կայանա: Հատկապես, որ արդեն իսկ կան նման արժանապատիվ երկխոսության նախադեպեր»,– ասաց Սամվել Ֆարմանյանը: