Նորանշանակ նախարարը կայցելի Աղավնաձոր՝ հանդիպելու գումարը չստացած խաղողագործներին
ՀասարակությունՆորանշանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը սեպտեմբերի 28-ին կայցելի Վայոց ձորի Աղավնաձոր գյուղ:NEWS.am-ի հետ զրույցում աղավնաձորցիներից Սմբատ Ղազարյանը նշեց, որ նախարարը գյուղ է այցելելու՝ հանդիպելու համար 11 ամիս առաջ խաղողի բերքը մթերած եւ մինչեւ այժմ գումարը չստացած խաղողագործների հետ:
«Մեր գյուղապետն ասաց, որ վարչապետը գյուղնախարարին հանձնարարական է տվել մեզ հետ հանդիպելու ու պատասխանելու մեզ հուզող հարցերին: Մեզ դեռ կոնկրետ պատասխան չեն տվել, թե երբ կվճարեն մթերած խաղողի դիմաց մեր գումարը»,-ասաց նա:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին աղավնաձորցիները փորձել էին փակել Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը, իսկ սեպտեմբերի 15-ին հանդիպել էին Եղեգնաձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ, որն ասել էր, որ գումարի խնդիրը կլուծվի նոր կառավարության ձեւավորումից հետո:
Մարզպետն ու «Վեդի ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանը սեպտեմբերի 1-ին աղավնաձորցիներից 15 օր ժամանակ էին խնդրել, որպեսզի գործարանը կարողանա մարել 140 միլիոն դրամի պարտքը: Ընդ որում, 15 օրում խնդիրը լուծելու խոստումը տվել էր անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 11 ամիս առաջ մթերված խաղողի դիմաց գումարը չստացած աղավնաձորցիները բողոքի ակցիա էին արել. փակել էին դպրոցի մուտքը եւ Գիտելիքի օրը երեխաներին չէին ուղարկել դպրոց: