Թուրքիայում Լյուքսեմբուրգի դեսպանը խոսել է Հայոց ցեղաասպանությունը ճանաչող բանաձևից
Ուշադրության կենտրոնումԹուրքիայում Լյուքսեմբուրգի դեսպան Արլետ Կոնցեմիուսն անդրադարձել է իր երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման փաստին: Ինչպես հաղորդում է թուրքական Yeni Safak պարբերականը, այս մասին դեսպանը խոսել է Աթաթուրքի անվան համալսարանում կայացած սիմպոզիումի ժամանակ:
Կոնցեմիուսը նշել է, որ խորհրդարանականներն իրենց երկրում ազատ են և իրավունք ունեն անկախ կերպով արտահայտել իրենց իրավունքները: Դեսպանն ընդգծել է, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանի որոշումը որևէ մեկի դեմ ուղղված չէ: «Ուղերձը, որը ցանկանում էր տալ մեր խորհրդարանը, այն է, որ պետք է հաղթահարել անցյալում տեղի ունեցած խնդիրները և դրանք փակելով ապահովել համագործակցությունը: Մենք մեր երկու մեծ թշնամիների` Ֆրանսիայի և Գերմանիայի հետ խաղաղ վիճակի ենք հասել: Շատ եվրոպական խորհրդարանների կողմից հղվող ուղերձներն իրականում հետևյալն են. մենք որևէ նպ ատակ չունենք ինչ-որ մեկին դատելու, ամոթանք տալու կամ մեղադրելու: Իրականում մենք, ուսումնասիրելով անցյալը, ցանկանում ենք կառուցել ապագան»,- ասել է Կոնցեմիուսը:
Լյուքսեմբուրգի խորհրդարանը մայիսի 6-ին միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանությունն ճանաչող բանաձև: Ի պատասխան դրա` պաշտոնական Անկարան, որպես բողոքի արտահայտում, հաջորդ իսկ օրը հետ էր կանչել այդ երկրում իր դեսպանին: