Վթար Ներքին Պտղնիում. «Մերսեդեսը» բախվել է պատին. վիրավոր ուղեւորին հասցրել են Երեւան
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 02.37-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի 1-ին փողոցի թիվ 53 տան մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ կա գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 34 SS 150 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 26-ամյա Ն. Շ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել 1-ին փողոցի թիվ 53 տան պատին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղեւոր՝ 49-ամյա Ա. Ա.-ն հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետեւ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: