Երեւանյան հիվանդությամբ տառապող 10-ամյա Սարգիսը եղբայրների ու ծնողների հետ հայտնվել է դրսում
ՀասարակությունՇահբազյան ամուսինները իրենց երեք անչափահաս երեխաների հետ հայտնվել են դրսում: 34-ամյա Մանուշ Շահբազյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենց 10-ամյա տղայի` Սարգիսի մոտ 6 տարի առաջ հայտնաբերվել է Երեւանյան հիվանդություն եւ նրանք ստիպված են եղել նրա բուժման համար տոկոսով գումար վերցնել, ավելի ուշ` չեն կարողացել գումարը վճարել եւ զրկվել են Նոր Նորքում գտնվող հանրակացարանի մեկ սենյականոց բնակարանից: Տիկին Մանուշն իր ամուսնու եւ երեք երեխաների հետ այսօր` սեպտեմբերի 22-ին, եկել էր կառավարության դիմաց` հույսով, որ նոր վարչապետը բնակարանի խնդրի լուծման հարցում կկարողանա օգնել իրենց:
«6 տարի առաջ հայտնաբերվեց երեխայի մոտ այդ հիվանդությունը, բժիշկն ասաց, որ ախտահարված է երեխայի փայծաղը, նրան շտապ բուժում է հարկավոր: Արկադի Ավագյան անունով մեկից վերցրինք ամսական հինգ տոկոսով գումար` 3500 դոլար, ինչ-որ թուղթ տվեց, ստորագրեցինք, հետո, երեխայի բուժման ծախսերի տակից չէինք կարող դուրս գալ, չկարողացանք նրա գումարը մուծել եւ մեր բնակարանը վերցրեց ձեռքերիցս»,-պատմեց տիկին Մանուշը:
Նա նշեց, որ այժմ ամուսնու եւ 8, 10 եւ 13 տարեկան երեխաների հետ բնակվում են հանրակացարանի շենքում գտնվող նկուղում, որտեղից իրենց նույնպես դուրս են հանում եւ ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում. «Ինչ-որ սեփականատեր հայտնվեց այդ նկուղի, արդեն յոթ ամիս գալիս անհանգստացնում է, դուրս է հանում: Մենք չգիտենք, թե ինչ ենք անելու հիվանդ երեխայի հետ, ուր ենք գնալու»: