Հայաստանի անկախության 25-ին ամյակին նվիրված զորահանդեսը մեկնարկեց (ուղիղ, թարմացվում է)
ՀասարակությունTert.am-ը գրում է.
Երևանի Հանրապետության հրապարակում ընթանում է Հայաստանի անկախության 25-ին ամյակին նվիրված զորահանդեսը:
11.12
Զորահանդեսին հոբելյանական քայլերգի ներքո բերվեց ՀՀ պետական դրոշը
ՀՀ հրապարակի տրիբունայում են ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ անվտանգության խորհրդի անդամները, պատգամավորներ, կառավարության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, սփյուռքի կառույցի ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հյուրեր:
Զորահանդեսի հրամանատարն է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար սուրբ Վարդան Մամիկոնյան շքանշանի ասպետ գեներալ մայոր Անդրանիկ Մակարյանը, զորահանդեսն ընդունում է ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս, մարտական խաչ առաջին աստիճանի և Տիգրան Մեծ շքանշանների ասպետ Սեյրան Օհանյանը:
Հոբելյանական քայլերգի ներքո Հանրապետության հրապարակ բերվեցին ՀՀ պետական դրոշը, զինված ուժերի մարտական դրոշը և Աշոտ երկաթ քաջարի թագավորի պատվական Սուրբ Խաչը:
Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը զորքերի շարանցում կատարեց, ողջունեց և շնորհավորեց անձնակազմին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց և ելույթ ունեցավ:
11.00
Երևանի Հանրապետության հրապարակում քիչ առաջ սկսվեց Հայաստանի անկախության 25-ին ամյակին նվիրված զորահանդեսը:
Զորահանդեսը մեկնարկեց Զինված ուժերի հոգևոր առաջնորդ, գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի աղոթքով, հնչեցին ազգային հերոսների, զինվորականների, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների անունները։


1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում հանրաքվե անցկացվեց: Հայ ժողովուրդը դրական պատասխան տվեց հարցին՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Քվեարկության իրավունք ունեցողների 94,99%-ն «այո» ասաց անկախությանը: