Արշակ Գրիգորյանի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ ակտիվ քննչական գործողություններ են կատարվում
ՀասարակությունՎարույթն իրականացնող մարմինը ձեռնարկում է ակտիվ քննչական գործողություններ Արշակ Գրիգորյանի՝ ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ հանձնարարականներ են տրվել նաեւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին»,- ասաց Սոնա Տռուզյանը։
Ըստ ՔԿ նախագահի խորհրդականի` պարզվել է դեպքին հաջորդած գործողությունները։ Նախնական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ ինքնասպանությունը կատարվել է իրենց առանձնատան նկուղում, որի ժամանակ տան բակում են գտնվել ընտանիքի անդամները (մայրը, եղբոր կինը, մեկ այլ ազգական), ովքեր էլ հայտնաբերել են նրան՝ հրազենային վնասվածքով եւ անմիջապես տեղափոխել բժշկական կենտրոն, սակայն գլխի շրջանում ստացած միջանցիկ հրազենային վնասվածքը եղել է մահացու. «Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ եւ գնդակ։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դատաձգաբանական, դատամատնադրոշմային, դատագենետիկական, դատակենսաբանական»
Հիշեցնենք, որ Արշակ Գրիգորյանը Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդին էր։