Շնաձկերը Ֆլորիդայի լողափի մոտ երեք ժամում երեք հանգստացողների վրա են գրոհել
Ուշադրության կենտրոնումԱՄՆ Ֆլորիդա նահանգի Նյու- Սմիրնա- Բիչ քաղաքի լողափի մոտ շնաձկերը երեք ժամում հարձակվել են երեք հանգստացողների վրա: Միջադեպերը տեղի են ունեցել սեպտեմբերի 18-ին, հայտնում է NBC News հեռուստաալիքը
Բոլոր տուժածները, այդ թվում մի 16-ամյա պատանի, սերֆինգով էին զբաղված: Երկու տղամարդ՝ 36 ու 43 տարեկան,լուրջ վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Պատանին աննշան վնասվածք էր ստացել, հոսպիտալացման կարիք չի եղել:
Պատահարից հետո փրկարարները քաղաքային լողափին հանգստացողներին խորհուրդ են տվել զգույշ լինել: NBC News-ը նշում է, որ այդ հանգստի գոտին կոչում են «շնաձկերի հարձակման համաշխարհային մայրաքաղաք»:
Սեպտեմբերի սկզբին Խաղաղ օվկիանոսում շնաձկան հարձակման հետեւանքով ավստրալացի սերֆինգիստ է զոհվել: Տղամարդը մահացել է գիշատչի հարձակումից մոտ մեկ ժամ հետո, չնայած նրան հասցրել էին առաջին բուժօգնություն ցուցաբերել: