Լեւոն Ջուլֆալակյան. Ոչ մի հաղթանակ չի լինում առանց աշխատանքի
ՍպորտՀունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը բարձր է գնահատել ժողովրդի եւ երկրի ղեկավարության գնահատականը թիմի հաջողություններին՝ օլիմպիական ոսկե եւ արծաթե մեդալներին, որոնք Ռիոյի Օլիմպիական խաղերում նվաճել են Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը:
«Ցանկացած աշխատանք պետք է ստանա իր գնահատականը: Եթե քո աշխատանքը չի գնահատվում քո երկրի, կառավարության, երկրի նախագահի կողմից, ամեն ինչ կորցնում է իր ուժը: Բայց այս գնահատականների կողքին ամենակարեւորը ժողովրդինն է: Մենք միշտ տեսնում ենք, թե ինչ ուրախությամբ ու ինձ բարձր գնահատականով է մեզ ընդունում հասարակությունը, մեզ հետ հավասար ուրախանում են, շնորհավորում, լուսանկարվում: Այդ ամենը հասարակության գնահատականն է, ինչից մենք անչափ հպարտանում ենք:
Մարդ իր աշխատանքով պետք է երջանիկ լինի եւ ուրախ: Բայց երբ այդ ամենին գումարվում է երկրի ղեկավարության, նախագահի գնահատականը, ստացվում է, որ ամեն ինչ արվում է տեղին՝ քո երկրի, ժողովրդի համար:
Ես անչափ ուրախ եմ, որ իմ աշխատանքի 17 տարիների ընթացքում շատ մեդալներ, պարգեւներ եմ ստացել երկրի նախագահից, ինչից ավելի եմ ոգեւորվում, ձգտում մեծ հաջողությունների: Ոչ մի հաղթանակ չի լինում առանց աշխատանքի, իսկ այդ աշխատանքը պետք է գնահատվի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Լեւոն Ջուլֆալակյանը:
Գլխավոր մարզիչը Ռիոյի Օլիմպիական խաղերում թիմի հաջողությունների համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով: