Երեւանյան հիվանդանոցներից մեկում 2,5 տարեկան տղա է մահացել. մայրը բժիշկներին է մեղադրում
Ուշադրության կենտրոնումԵրեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 8-ին 2,5-ամյա տղա է մահացել:
Ըստ Shamshyan.com-ի՝ երեխայի մայրը որդու մահվան մեջ մեղադրում է Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի բժիշկներին:
Մայրը կայքին պատմել է, որ երեխան սեպտեմբերի 5-ին թուլություն է ունեցել, ջերմել է, տարել են «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխել են Սուրբ Աստվածամայր ԲԿ: Նա բողոքել է, որ այնտեղի բժիշկների անպատասխանատու վերաբերմունքի հետեւանքով երեխայի վիճակը մեկ օր անց վատացել է, նա մահացել է:
«Երեխան ինքնուրույն քայլելով, խոսելով, իմ ձեռքը բռնած մտնում է հիվանդանոց: Բժիշկները միանգամից ոչ տանում, ոչ բերում են, ասում են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Մեկ օր անց երեխայի վիճակը դառնում է օրհասական ու մենք վստահ ենք, որ դա եղել է Ծերեթելիի բժիշկների մեղքով, ովքեր ցուցաբերել են անպաստախանատու վերաբերմունք ու բժշկին ոչ վայել պահվածք»,- ասել է երեխայի մայրը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
2,5-ամյա Հովհաննեսը Կոտայքի մարզի Քասախ գյուղից էր, ունի երկվորյակ եղբայր:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխան ընդունվել է ծանր թոքաբորբով, մոտը զարգացած է եղել երիկամային անբավարարություն:
«Երկար ժամանկ հիվանդ է եղել, չեն հասկացել: Ընդունվել է ծանր վիճակում, տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն, որ դիալիզ արվի»,- ասաց նա: