Մոսկվայում «Սիթիբանկի» բաժանմունք գրաված հային մեղսունակ են ճանաչել
Ուշադրության կենտրոնումԲուժփորձագետները մեղսունակ են ճանաչել Արամ Պետրոսյանին, որն օգոստոսին գրավել էր «Սիթիբանկի» Մեծ Նիկիտինյան փողոցում գտնվող բաժանմունքը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է նրա փաստաբան Ստանիսլավ Մալցեւը:
«Երեկ Պետրոսյանի նկատմամբ դատափորձաքննություն է իրականացվել, բժիշկները նրան ասել են, որ նա մեղսունակ է, առողջ, բայց դատափորձաքննության արդյունքներով թուղթը մենք դեռ չենք ստացել», — ասել է Մալցեւը:
Գործարար Արամ Պետրոսյանը օգոստոսի 24-ին չորս պատանդ էր վերցրել «Սիթիբանկի» Մոսկվայի կենտրոնում գտնվող բաժանմունքում` սպառնալով պայթեցնել այն: Սակայն հետագայում տղամարդը մեկ առ մեկ բաց էր թողել բոլոր պատանդներին եւ հանձնվել էր իրավապահներին: Առարկան, որը նա որպես ռումբ էր ներկայացրել, մուլյաժ էր եղել: Հարցաքննության ընթացքում Պետրոսյանը հայտնել է, որ ցանկանում էր իր արարքով ուշադրություն հրավիրել սնանկացումների խնդրին:
Քննիչը Պետրոսյանին հանցագործություն կատարելու մեղադրանք է ներկայացրել «պատանդառություն երկու եւ ավելի անձանց նկատմամբ` որպես զենք առարկա օգտագործելով» հոդվածի համաձայն: ՌԴ ՔՕ-ի համաձայն, այդ գործողությունները պատժվում են վեցից 15 տարի ազատազրկմամբ, ազատության սահմանափակմամբ մեկից երկու տարով: Մոսկվայի Պրեսենյան դատարանը որոշում է կայացրել կալանքի առնել գործարարին: