ՄԱԿ-ի զեկույց. Թուրքիայի բնակչության 7 միլիոնն անգրագետ է
HeaderՄիավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (UNESCO) սեպտեմբերի 8-ին՝ գրագիտության համաշխարհային օրվանն ընդառաջ ուշագրավ տվյալներ է հրապարակել ողջ աշխարհում գրագիտության վիճակագրության վերաբերյալ:
Թուրքական «Diken» լրատվակայքի տեղեկացմամբ՝ UNESCO-ի վիճակագրական ինստիտուտի տվյալների համաձայն՝ վերջին 50 տարում երիտասարդների շրջանում գրագիտության մակարդակը, ընդհանուր առմամբ, բարձրացել է: Սակայն ամբողջ աշխարհում 15 տարեկանից բարձր տարիքային խմբին պատկանող շուրջ 758 մլն մարդ անգրագետ է: Նրանց երկու երրորդը կանայք են:
Մասնավորապես Թուրքիայում ավելի քան 7 մլն մարդ գրագետ չէ, ընդ որում, նրանց մեծ մասը կազմում են կանայք:
Թուրքիայի ազգային կրթության և գիտության նախարարության կողմից 2015թ. կազմված «Թուրքիայի գրագիտության քարտեզի» համաձայն՝ միայն Ստամբուլում գրել -կարդալ չգիտի 310.790 քաղաքացի: Այս ցուցանիշը Անկարայում կազմում է 105.614, Իզմիրում՝ 65.573:
Հիշեցնենք, որ Թուրքիայի բնակչությունը 2016թ. հունվարի դրությամբ կազմում է 78.74 մլն, հետևաբար, անգրագիտությունը կազմում է այս երկրի բնակչության 10 տոկոսը, գրում է ermenihaber.am-ը: