Հրազդանցի 7-ամյա տղայի հայրը կալանավորվեց որդուն վրաերթի ենթարկած վարորդին դանակահարելու մեղադրանքով
ՀասարակությունՀրազդանում ծնողների աչքի առջեւ 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկած վարորդին դանակահարելու մեջ մեղադրվող՝ երեխայի հայրը կալանավորվել է:
Նման որոշում է կայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ սեպտեմբերի 8-ին:
Հիշեցնենք, որ վարորդին սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմանում դանակահարել է երեխայի հայրը, դանակահարությանը նախորդել է վիճաբանություն:
Վարորդը՝ Վանիկ Սարգսյանը կալանավորվել էր, ապա գրավի դիմաց ազատ արձակվել:
Վրաերթը տեղի էր ունեցել հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ի սահմանում: Հրազդանի բնակիչ, 1978թ. ծնված Վանիկ Սարգսյանի վարած «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենան քաղաքում դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ մայթին վրաերթի ենթարկել հետիոտն, 7-ամյա Արմեն Խամփերյանին, որը տեղում մահացել էր: Հարուցվել էր քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի դատաքննությունը դեռ չի սկսվել: Վարորդը եղել է ոչ սթափ վիճակում:
Վրաերթի պահը ֆիքսել է այդ վայրում գտնվող տեսախցիկը: Երեխաները քայլելիս են եղել մայթով, երբ «ՎԱԶ 21404»-ը մեծ արագությամբ բարձրացել է մայթ ու վրաերթի ենթարկել տղային: Մյուս երեխաները հրաշքով են ողջ մնացել: Այդ պահին երեխաների ծնողները նրանց հետ են եղել: