Սեպտեմբերի 17-ի փոխարեն աշխատանքային կլինի սեպտեմբերի 24-ը
Ուշադրության կենտրոնումՍեպտեմբերի 17-ի փոխարեն աշխատանքային կլինի սեպտեմբերի 24-ը: Այս մասին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել այսօր՝ սեպտեմբերի 8-ի նիստում:
Նախագիծը ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով, այս փոփոխությունը կապված է սեպտեմբերի 18-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ. «Ընտրությունների նախորդող օրը ընտրական հանձնաժողովի անդամները բազմաթիվ աշխատանքներ ունեն անելու, ուստի այդ օրը աշխատանքային թողնել նպատակահարմար չէ»:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կառավարությունը սեպտեմբերի 12-ը (երկուշաբթի) հայտարարեց ոչ աշխատանքային, փոխարենը աշխատանքային հայտարարվեց սեպտեմբերի 17-ը (շաբաթ):
Այս փոփոխությունը կապված էր նրա հետ, որ կիրակի՝ սեպտեմբերի 11-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հինգ տաղավար տոներից Խաչվերացը, որին հաջորդող երկուշաբթին ննջեցյալների հիշատակության օր է եւ համարվել է ոչ աշխատանքային: