Հրազդանում 7-ամյա երեխայի վրաերթի գործով դատավարությունը սկսվում է. ամբաստանյալը վիրավոր է, երեխայի հայրը՝ ձերբակալված
Ուշադրության կենտրոնումՀրազդանում ծնողների աչքի առջեւ 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկելու գործով նշանակված առաջին դատական նիստն ամենայն հավանականությամբ կհետաձգվի: Պատճառն այն է, որ ամբաստանյալ Վանիկ Սարգսյանը, որին օրեր առաջ մահացած երեխայի հայրը դանակահարել էր, այժմ կայուն ծանր վիճակով գտնվում է հիվանդանոցում:
NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարորդի՝ Վանիկ Սարգսյանի փաստաբան Վահե Դանիելյանը նշեց, որ այսօր իրենք ամեն դեպքում դատարան գնալու են:
«Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, պարզ չէ»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդին սեպտեմբերի 5-ին ժամը 19:00-ի սահմանում դանակահարել էր երեխայի հայրը, դանակահարությանը նախորդել էր վիճաբանություն: Երեխայի հայրը ձերբակալված է:
Հիշեցնենք, որ վրաերթը տեղի էր ունեցել հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ի սահմանում: Հրազդանի բնակիչ 38-ամյա Վանիկ Սարգսյանի վարած «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենան քաղաքում դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ մայթին վրաերթի ենթարկել հետիոտն, 7-ամյա Արմեն Խամփերյանին, որը տեղում մահացել էր: Հարուցվել էր քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վարորդը եղել է ոչ սթափ վիճակում: Վանիկ Սարգսյանը կալանավորվել էր, ապա գրավի դիմաց ազատ արձակվել: