Հայ ուսանողուհին 2-րդ տեղն է զբաղեցրել Սալոնիկում նոր հունարենի Համաշխարհային օլիմպիադայում
Ուշադրության կենտրոնումՀայաստանից ուսանողուհի Նարինե Հակոբյանը 2-րդ տեղն է զբաղեցրել Սալոնիկում նոր հունարեն լեզվի Համաշխարհային օլիմպիադայում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում Հունական ՀԿ-ների միության ղեկավար Արկադի Խիտարովը:
Օլիմպիադայի ավարտական փուլն ընթացել է սեպտեմբերի սկզբին` Սալոնիկում Արիստոտելի համալսարանում: Հակոբյանը հաղթողին զիջել է ընդամենը 1 միավորով, ինչը նշանակում է, որ նա Հունաստանի լեզվի եւ մշակույթի բարձրագույն մակարդակի գիտելիքներ է ցուցադրել, հավելել է Խիտարովը:
Հակոբյանը սովորում է Երեւանի պետական համալսարանի հունական բանասիրության ֆակուլտետում եւ ապագայում ցանկանում է Հունաստանում ասպիրանտուրա ընդունվել:
1-ին եւ 3-րդ տեղերը զբաղեցրել են Ուկրաինայից ուսանողներ Աննա Վիննիկը եւ Վալենտինա Օլեյնիկը:
Օլիմպիադան ընթացել է Իվան Սավվիդիի հիմնադրամի աջակցությամբ (հունական ծագմամբ ռուսաստանցի խոշոր ձեռնարկատիրոջ): Դրան մասնակցել են ուսանողներ արտասահմանից, ընդ որում` ոչ միայն հույներ, այլեւ այլ ազգությունների հելենոֆիլներ: