Ռուս-չինական մրցակցությունը Կենտրոնական Ասիայում
ՄիջազգայինՈւկրաինական ճգնաժամը պատճառ հանդիսացավ, որ Ռուսաստանն իր արտաքին քաղաքականության սլաքներն ուղղի դեպի Կենտրոնական Ասիա և մասնավորապես Չինաստան, սակայն դա չի նշանակում, որ երկու երկրների միջև ամեն ինչ թվացյալի պես հարթ է: Որպես Մոսկվա-Պեկին համագործակցության կողմնակի ազդեցություն դիտարկվում է նաև «ընդլայնված» համագործակցությունը Կենտրոնական Ասիայում: Ռուս-չինական ինգերացիոն գործընթացների հետևանքը հիմնականում զգալու են կենտրոնական Ասիայի հինգ հետխորհրդային պետությունները, Աֆղանստանն ու Մոնղոլիաին:
Ռուս-չինական համագործակցության շրջանակներում արդեն տեսանելի են Պեկինի կողմից առաջարկված և Մոսկվայի կողմից հաստատված շոշափելի նախագծեր՝ այն է «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտին, Հյուսիսային ծովային ուղին, Պեկինը Մոսկվային կապող արագընթաց երթուղին, Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ): Վերլուծաբան Տրենինը նշում է, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինի՝ Լիսաբոնից Վլադիվոստոկ «մեծ Եվրոպայի» տեսլականը՝ ընդգրկելով Եվրոպական միության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև համագործակցությունը, վերափոխվել է «ավելի ընդարձակ Ասիայի» տեսլականի՝ Շանհայից Սանկտ Պետերբուրգ: Վերլուծաբան Անիտա Ինդերը նշում է, որ միմյանց հետ բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող Ռուսաստանն ու Չինաստանը մոտ ապագայում մրցակցության մեջ կհայտնվեն՝ Եվրասիական տարածաշրջանում ազդեցության գոտիներ ձեռք բերելու համար: Քանի որ ՌԴ-ն իր ռազմավարական առանցքը կենտրոնացնում է դեպի արևելք՝ ամրապնդելով իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, ՉԺՀ-ն հստակ նպատակով շարժվում է դեպի արևմուտք՝ ընդլայնելով իր ազդեցությունը Եվրասիական տարածաշրջանում:
Անկախ այն բանից, որ ՉԺՀ-ն դարձել է Ռուսական բանկերում հիմնական ֆինանսական ներդրումներ իրականացնողը, ինչը երբեմն լարվածություն է ստեղծում երկկողմանի հարաբերություններում, ֆինանսապես թուլացած Ռուսաստանը իրեն չի կարող համանման ներդրումներ թույլ տալ: Բառնարդ քոլեջի պրոֆեսոր Կուլեյնի կարծիքով ՌԴ-ն աջակցում է Չինական տնտեսության զարգացմանը և ռուս պաշնոնյաներն ու վերլուծաբանները հստակ սահմանում են աշխատանքի բաժանումը այնպես, որ երկու կողմերին էլ շահեկան լինի՝ Չինաստանը ապահովում է տնտեսական ներդրումները, իսկ Ռուսաստանը՝ անվտանգություն և քաղաքական ազդեցություն: Պեկինը նաև հարգում է քաղաքական դաշինքներ և հետսովետական տարածաշրջանում ռազմաբազաներ ստեղծելու Մոսկվայի զգայուն դիրքորոշումը, որն էլ խիստ տարբերվում է արևմուտքի՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետսովետական տարածաշրջանում իրականացվող ընդլայման քաղաքականությունից: Սակայն քաղաքական ու տնտեսական ոլորտների բաժանումը միշտ չէ , որ հարթ է լինում:
Ըստ վերլուծաբանի՝ ՌԴ-ն «դիվանագիտորեն խուսափում կամ լքում է» ՇՀԿ կողմից առաջարկված գրեթե բոլոր խոշոր տնտեսական նախագծերը: Ակնառու է, որ ՌԴ-ն չի ցանկանում մեծացնել Չինաստանի ազդեցությունը, քանի որ գերադասում է խթանել սեփական տնտեսական նախագծերը՝ այն է Եվրասիական տնտեսական միությունը կամ ռուս-ղազախական Եվրասիական զարգացման բանկը:
Նարինե Մեհրաբյան