ԱՄՆ-ը Քարիմովի մահից հետո կշարունակի Տաշքենդի հետ գործընկերության քաղաքականությունը. Պետդեպ
ՄիջազգայինԱՄՆ-ը Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո մտադիր է շարունակել գործընկերային հարաբերություններն այդ երկրի հետ: Այդ մասին սեպտեմբերի 6-ին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Հարավային ու Կենտրոնական Ասիայի երկրների գործե րով օգնականի տեղակալ Դանիել Ռոզենբլյումը:
Ուզբեկստանի նախագահ Քարիմովը, որը 78 տարեկան հասակում վախճանվել է սեպտեմբերի 2-ին, շաբաթ օրը հողին է հանձնվել իր հայրենի Սամարղանդ քաղաքում:
«Այս օրերին ես գտնվում եմ այստեղ՝ Տաշքենդում, որպեսզի ցավակցություն հայտնեմ նախագահ Քարիմովի մահվան կապակցությամբ, ինչպես նաեւ հավաստեմ Ուզբեկստանի հետ մեր գործընկերության անփոփոխ հանձնառությունը»,- ասել է Ռոզենբլյումը Ուզբեկստան իր այցի ընթացքում:
Ավելի վաղ Ուզբեկստանի ԱԳ նախարարությունը տեղեկացրել է, որ ամերիկացի դիվանագետը հանդիպում է անցկացրել հանրապետության արտաքին գործերի նախարար Աբդուլազիզ Քամիլովի հետ:
Ռոզենբլյումը պատմել է, որ Քամիլովին է փոխանցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ուղերձի տեքսը, որը երկրի անունից ցավակցություն է հայտնել Քարիմովի մահվան կապակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: