Ինչով են պայմանավորված «Սահմանին» հեռուստաֆիլմի ցուցադրության հաճախակի դադարները. մեկնաբանում է սցենարի հեղինակը
LifeLife.panorama.am-ը գրում է .
«Շանթ» հեռուստաընկերության «Սահմանին» հեռուստաֆիլմը կրկին դադարի փուլում է, իսկ երկրորդ եթերաշրջանի մեկնարկի վերաբերյալ դեռեւս կոնկրետ ժամկետ չի նշվում:Life.panorama.am-ը հեռուստաֆիլմի սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանից հետաքրքրվել է, թե «Սահմանին»-ը ե՞րբ կրկին էկրաններին կլինի, ինչի՞ հետ է կապված երկարատեւ դադարը եւ արդյոք նախագիծը փակելու պլաններ կան:
«Հեռուստաֆիլմը եզրափակելու մասին խոսք լինել չի կարող, ավելին՝ արդեն իսկ պատրաստ է երկրորդ թատերաշրջանի սցենարը, պարզապես նկարահանումները սկսելու ժամկետները հեռուստաընկերությունը պետք է որոշի»,- նշեց սցենարի հեղինակը:
Նախագիծը ժամանակ առ ժամանակ ընդհատելու պատճառների մասին խոսելիս՝ Հարություն Ղուկասյանը ընդգծեց. «Քանի որ «Սահմանին»-ը բավականին լուրջ եւ մեծամասշտաբ նախագիծ է, որը պահանջում է բարդ նկարահանումներ թե տեղանքային, թե ժամանակային առումով, ուստի նկարահանումների ամսաթվերն ընտրվում են նպատակահարմար ժամկետներում»:
Անդրադառնալով այն ասեկոսեներին, թե «Սահմանին» հեռուստաֆիլմը կոմերցիոն չլինելու պատճառով է ժամանակ առ ժամանակ ընդհատվում, Հարությունը պատասխանեց. «Այո, սա ոչ կոմերցիոն նախագիծ է եւ իսկզբանե այն իրականացվել է՝ չհետապնդելով կոմերցիոն շահեր: Այդ ասեկոսեները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը, կրկնվեմ՝ խնդիրը լուրջ նկարահանումներին նախապատրաստվելու մեջ է: Բացի այս՝ դադարի երկարացման վրա ազդեցություն ունեցան նաեւ ապրիլյան դեպքերը, քանի որ որոշում կայացվեց, որ մեր սցենարական գծում հենց այդ դեպքերից ելնելով փոփոխություններ են լինելու»:
Սցենարի հեղինակի խոսքով՝ «Սահմանին»-ի երկրորդ եթերաշրջանում նոր հերոսներ կավելանան, իսկ սյուժետային գիծը նվիրված կլինի ապրիլյան քառօրյա պատերազմին:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան