Գիտելիքը բարձր արժեք է. Տարոն Մարգարյանի ուղերձն օրվա առթիվ
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ դպրոցականներ, մանկավարժնե՛ր, հարգելի՛ ծնողներ,
ջերմագին շնորհավորում եմ բոլորիդ' սեպտեմբերյան այս գեղեցիկ տոնի առթիվ և հղում լավագույն բարեմաղթանքներս:
Սեպտեմբերի 1-ը՝ որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր, իր ուրույն խորհուրդն ունի:
Տոնական տրամադրությունը, որն իշխում է այսօր մեր քաղաքում, թող որ պահպանվի ձեր հոգիներում ուսումնառության ողջ ընթացքում, մղի ձեզ իմացության հանդեպ խոր հետաքրքրության ու ձգտումների:
Գիտելիքը բարձր արժեք է: Մեր ժամանակներում բանիմաց, զարգացած անհատը դառնում է նաև հասարակության շարժիչ ուժ և ժամանակի վրա թողնում իր կենարար ներգործությունը:
Հարգարժա՛ն ուսուցիչներ,
կրթված քաղաքացին մեր ազգային արժանապատվության, մեր պետականության պահպանման, մեր երկրի զարգացման ու հզորացման, ազգային անվտանգության ապահովման կարևոր գործոնն է, որի երաշխավորը հանդիսանում եք դուք։ Համոզվա՛ծ եմ' երևանցի դպրոցականների համար ուսումնառության տարիները կդարձնեք իրենց օժտվածության և տաղանդի բացահայտման, զարգացման, գիտելիքների ձեռքբերման փայլուն շրջան:
Կրկին շնորհավորելով Գիտության և դպրության օրվա առթիվ՝ նորանոր հաջողություններ եմ մաղթում բոլորիդ, ցանկանում ուժ ու եռանդ: Թող նոր ձեռքբերումներով ցնծա մեր հնամենի ոստանը' Երևանը, և հզորանա հայոց 25-ամյա պետականությունը»: