ԱՄՆ-ն չի աջակցում քրդերի անկախությանը. Քերրի
ՄիջազգայինԱՄՆ-ն հանդես է գալիս միասնական Սիրիայի պահպանման օգտին և չի աջակցում քրդերի անկախությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, հաղորդում է TASS-ը:
«Մենք միասնական Սիրիայի կողմնակից ենք: Մենք չենք աջակցում անկախության քրդական նախաձեռնությանը: Քրդական որոշ տարրերի հետ աշխատանքը իրականացվել է որոշակի սահմանափակ հիմքերով», - հայտարարել է Քերրին՝ Ժնևում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:
Ռուսասկան ԱԳՆ ղեկավարն իր հերթին նշել է, որ քրդերը պետք է մնան սիրիական պետության մի մաս:
«Մենք ամերիկացի գործընկերների հետ հաստատել ենք քաղաքական գործընթաց վերսկսելու անհրաժեշտությունը, որին պետք է մասնակցեն սիրիական հակամարտության բոլոր կողմերը: Քրդերը այդ գործընթացում պետք է լիակատար ներկայացված լինեն, նրանք պետք է մնան սիրիական պետության մի մասը և դառնան խնդրի լուծման մի կողմը», -ասել է Լավրովը: