Գյումրին պատրաստվում է դիմավորել Արթուր Ալեքսանյանին, նրան Երևանում կդիմավորի Գյումրու քաղաքապետը
Հասարակությունtert.am-ը գրում է.
Գյումրիում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ օլիմպիական ոսկե մեդալակրին՝ Արթուր Ալեքսանյանին դիմավորելու համար: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը օլիմպիական չեմպիոնին կդիմավորի «Զվարթնոց» օդանավակայանում և կուղեկցի Գյումրի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը:
«Գյումրիում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, հանդիսավոր արարողություն է տեղի ունենալու, և ինչպես ասում են՝ գյումրեցու ծեսով դիմավորելու ենք մեր չեմպիոնին: Գյումրիում տեղի կունենա հանդիսավոր մշակութային միջոցառում, հրավառություն, անակնկալ: Անելու ենք այնպես, որ չեմպիոնին վայել ընդդիմություն լինի»,-ասաց Սանոյանը և հավելեց, որ Արթուր Ալեքսանյանին ակակնկալ է սպասվում:
Փոխքաղաքապետն ասաց, որ չի մանրամասնի, թե ինչ անակնկալ է, սակայն այն կապված է Արթուր Ալեքսանյանի անվան և միջոցառման հետ:
Ռուբեն Սանոյանն ասաց, որ լրատվամիջոցներով հանրությանը տեղեկացրել են միջոցառման մասին, իսկ ընդունելությունը Գյումրիում կսկսվի այն ժամին, երբ Գյումրի հասնի Արթուր Ալեքսանյանը:
Հարցին, թե ովքեր են դիմավորելու Արթուր Ալեքսանյանին, Ռուբեն Սանոյանն ասաց, որ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորելու է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Հարցին, թե անվան հետ կապված, արդյոք չի նախատեսվում վերանորոգել Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը, Սանոյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ վերջերս Կառավարության ներկայացուցիչներ են եկել և չափագրումներ արել մարզադպրոցում, սակայն մանրամասների չի տիրապետում:
Նշենք, որ ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը դարձավ ոսկե մեդալակիր:
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը աշխարհի կրկնակի չեմպիոն է (2014, 2015), Եվրոպայի եռակի չեմպիոն է(2012, 2013, 2014), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012) :