Վրաստանն անցել է կարևոր փոփոխությունների ճանապարհ. Մարգվելաշվիլի
ՄիջազգայինՎերջերս Վրաստանը կարևոր և հիմնավոր փոփոխությունների ճանապարհ է անցել: Spurnik-ի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին ասել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Բրատիսլավայում վրաց-սլովակյան բիզնես-ֆորումի ժամանակ:
«Վերջերս Վրաստանը կարևոր և հիմնավոր փոփոխությունների ճանապարհ է անցել: Բարելավել ենք առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության համակարգերը: Մենք երկիր ենք, որտեղ հարկային միջավայրը ամենապարզերից ու ճկուններից է, և որը առաջատար վարկանիշային դիրքերում է աշխարհում բիզնեսի վարման տեսանկյունից: Վրաստանը կարողացել է հաղթահարել կոռուպցիայի խնդիրները և առաջատար երկրներից մեկն է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:
Նրա խոսքով՝ Վրաստանը տպավորիչ քայլեր է արել տնտեսության զարգացման համար: Մասնավորապես, երկիրը 2014թ. հունիսին ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիր է ստորագրել, որը ներառում է համաձայնություն ազատ առևտրի խորացված և բազմակողմանի գոտու մասին: Դա նպաստել է Վրաստանի տնտեսական հնարավորությունների, նաև բիզնես-համագործակցության և գործընկերության հնարավորությունների զարգացմանը:
«Մենք նաև ազատ առևտրի մասին գործող համաձայնագիր ունենք ԱՊՀ երկրների, Թուրքիայի հետ, և երբ դուք նայում եք Վրաստանի և նրա հարևանների բիզնես-միջավայրը, ակնհայտ է, որ բոլորը, ովքեր ներդնում են Վրաստանում, ներդնում են ոչ միայն փոքր, չորսմիլիոնանոց երկրում, այլև Վրաստանի շուրջ ազատ առևտրային հնարավորություններով շուկայում: Հենց դա է ևս մեկ տպավորիչ հնարավորություն, որը Վրաստանը, որպես տնտեսական ներդրումների երկիր, առաջարկում է իր գործընկերներին»,- ասել է Մարգվելաշվիլին:
Աղբյուրը՝ BlogNews.am