Հունաստանի իշխանությունները դիտարկում են Թուրքիայից փախած զինվորականներին ապաստան տրամադրելու հարցը
ՄիջազգայինՀունաստանի իշխանությունները սկսել են քննարկել ուղղաթիռով Հունաստան փախած թուրք զինվորականներին ապաստան տրամադրելու հարցը, հայտնում է Ֆրանս Պրեսսը:
Ութ զինվորական Հունաստան է փախել հուլիսի 20-ին` հեղաշրջման փորձից հետո: Նրանք հերքում են ապստամբությանը մասնակցությունը եւ հայտնում, որ թաքնվել են, որովհետեւ վախենում են իրենց կյանքի համար: Ուղղաթիռը, որով փախել են փախստականները, հունական իշխանությունները վերադարձրել են Թուրքիային: Փախած զինվորականների թվում երեք մայոր կա, երեք կապիտան եւ երկու ենթասպա:
Գործակալությունը հայտնում է, որ ութ թուրք զինվորականից մեկի հարցաքննությունը սկսվել է ուրբաթ: Կապիտան Ֆերիդուն Չոբանը վաղ առավոտյան հասցվել է Աթենքում ապաստանի տրամադրման ծառայություն: Հաղորդվում է, որ այլ զինվորականների կհարցաքննեն երկուշաբթիից սկսած:
Հունաստանում ապաստանի տրամադրման ծառայության տեղեկության համաձայն, զինվորականների վերաբերյալ որոշում կկայացվի «երկու կամ երեք ամսվա ընթացքում»:
Ավելի վաղ Ալեքսանդրուպոլիս քաղաքի դատարանը պայմանական դատավճիռ է արձակել զինվորականների նկատմամբ` անօրինական եղանակով Հունաստան ներթափանցելու համար: Սակայն զինվորականներին վարչական կալանքի են առել, մինչեւ քաղաքական ապաստանի տրամադրումը: Թուրքական իշխանությունները բազմիցս հայտնել են, որ սպասում են զինվորականների հանձնմանը: Նախօրեին Աթենքում հաստատել են, որ Թուրքիայի Արդարադատության նախարարությունից նրանց հանձնման վերաբերյալ հարցում են ստացել: