Կալանավորն ահազանգում է ՔԿՀ-ում բժշկական ծառայության վատ որակի մասին
ՀասարակությունԷքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող 21-ամյա Մուշեղ Մխիթարյանը կալանավայրից ահազանգում է ՔԿՀ-ում բժշկական ծառայության վատ որակի մասին: NEWS.am-ի խմբագրություն այսօր` օգոստոսի 16-ին զանգահարած Մուշեղ Մխիթարյանը բողոքեց, որ առողջական խնդիրներ ունի, բայց պատշաճ հետազոտություն չի անցնում:
«2013 թ. վիրահատվել եմ, թոքիս կեսը հեռացրել են: Ռենտգեն հետազոտության ենթարկեցին, ասեցին` թոքն ամբողջ ծավալով նորմալ աշխատում է, բայց ո՞ց կարա ամբողջ ծավալով կարգին լինի, եթե կեսը չկա»,- ասաց Մուշեղ Մխիթարյանը` նշելով, որ իր մոտ նաեւ սուր նեվրոզ է հայտնաբերվել:
Կալանովորը, որը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, բողոքեց, որ բժշկական ախտորոշումներն իրենց բանավոր են ասում, գրավոր չեն արձանագրում: Նա նաեւ դժգոհեց բժիշկների վերաբերմունքից կալանավորների հանդեպ:
«Մի քանի բժիշկ ունենք ընդամենը: Նանայան ունենք, հոգեբույժ է, ամեն ինչ գցում են իր վրա: Բայց եթե ես սրտի խնդիր ունեմ, հոգեբույժն ինձ ի՞նչ անի: Թերապեւտն ասում ա` ես տերորիստներին չեմ բուժում, քրեական գործերը դնում ա մեր առաջ: Ասում են` վիտամիններ կտանք ու չեն տալիս»,- ասաց Մուշեղ Մխիթարյանը:
Մուշեղ Մխիթարյանի դեմ առաջադրված մեղադրանքով քրգործը դատաքննության փուլում է:
21-ամյա Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը: