Գայանե Գասպարյանի ելույթն ընդհատեցին եւ ստիպեցին հեռանալ հարթակից
ՀասարակությունԵրեւանի Ազատության հրապարակում ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի հավաքը վերջին օրերի համեմատ ռեկորդային կարճ տեւեց:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վերջին օրերին հարթակում անընդհատ ելույթ ունեցող Գայանե Գասպարյանին ցուցարարները թույլ չտվեցին շարունակել ելույթը:
Հավաքի մասնակիցներին դուր չեկավ փաստը, որ նա սկսեց վիրավորական խոսքեր հնչեցնել նախորդ օրը հավաքի ժամանակ իր ելույթն ընդհատած քաղաքացու հասցեին: Մասնավորապես, Վարդգես Գասպարին հայտարարեց, որ ոչ ոք իրավունք չունի խոսափողի միջոցով վիրավորել ինչ-որ մեկին: Ցուցարարներն ընդհատեցին նաեւ մեկ այլ կնոջ, որը սկսեց գովաբանել Ռուսաստանին: Ի դեպ, ամբիոնի մոտ էր նաեւ Ալեք Ենիգոմշյանը, որը, սակայն, ելույթ չունեցավ:
Նշենք, որ վաղը երեկոյան 20:00-ին սպասվում է համերգ Ազատության հրապարակում, ելույթ են ունենալու նաեւ Ռուբեն Հախվերդյանն ու Արեգ Նազարյանը: Համերգին կրկին հավաք կհաջորդի:
Հավելենք նաեւ, որ այսօրվա հավաքը տեւեց շուրջ 40 րոպե: Այն արդեն ավարտվել է, երթ տեղի չունեցավ: