Ռուսական ռմբակոծիչները Սիրիայում ոչնչացրել են ԻՊ-ի՝ քիմիական զինամթերքի գործարանը
HeaderՌուսական Տու-22Մ3 ռմբակոծիչներն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Ռաքա քաղաքի մերձակայքին, որը վերահսկվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից: Այդ մասին օգոստոսի 11-ին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:
Հարվածը հասցվել է Տու-22Մ3 վեց ինքնաթիռներով, որոնք թռել են Ռուսաստանի տարածքից (նախորդ դեպքերում դա եղել է Մոզդոկի օդանավակայանը), օգտագործվել են բեկորա-ֆուգասային ռումբեր:
«Ռաքա քաղաքի մերձակայքում իրականացված հարվածի հետեւանքով ոչնչացվել է զինամթերքով եւ վառելիքաքսուքային նյութերով լի խոշոր զինապահեստ, քաղաքի հյուսիսարեւմտյան ծայրամասում գտնվող քիմիական զինամթերքի արտադրության գործարանը, ինչպես նաեւ «Իսլամական պետության» զինյալների պատրաստման խոշոր դաշտային ճամբար: Ահաբեկիչներին զգալի նյութական վնաս է հասցվել, ոչնչացվել են մեծ թվով զինյալներ»,-պատմել են պաշտպանության նախարարությունում: