ԱՄՆ-ում 22 տարի շարունակ կանանց սպանած տղամարդը մահվան է դատապարտվել
ՄիջազգայինԼոս Անջելեսում դատարանը մահվան է դատապարտել 63-ամյա Լոննի Դեւիդ Ֆրանկլին-կրտսերին, որը նախկինում մեղավոր էր ճանաչվել 1985-1988 եւ 2002–2007 թվականներին սպանություններ կատարելու համար, գրում է Meduza պորտալը:
Մեղադրական կողմի վարկածի համաձայն, Ֆրանկլինը յոթ կնոջ է սպանել 1980-ականներին եւ եւս երեքին, այդ թվում` 15-ամյա աղջկա, 2000-ականներին: Սպանվածներից ամենատարիքովը 35 տարեկան էր, զոհերի մեծամասնությունը գնդակահարվել էր, մեկը խեղդամահ էր արվել: Մի կին ողջ էր մնացել Ֆրանկլինի հարձակումից հետո եւ դատարանում նրա դեմ ցուցմունք էր տվել:
Կատարված հանցագործությունների միջեւ ընկած մեծ ժամանակահատվածի պատճառով Ֆրանկլինը Grim Sleeper («չարագուշակ քնող», հղում է արվում է Grim Reaper, «մանգաղով մահ» արտահայտությանը) մականունն էր ստացել: Երբ գործընթացը ավարտական փուլում էր, հետաքննությունը հայտնել էր, որ ապացույց ունի եւս հինգ սպանությանը նրա մասնակցության մասին, հայտնում է Los Angeles Times-ը: Քննիչների կարծիքով, Ֆրանկլինը կարող է ընդհանուր առմամբ 25 մարդ սպանած լինել:
2000-ականներին ոստիկանությանը հաջողվեց մի քանի սպանություն իրար կապել ԴՆԹ-ի եւ ձգաբանական փորձաքննության շնորհիվ: Հանցանքի վայրից եւ տվյալների բազայից վերցված ԴՆԹ-ների համեմատությունը Ֆրանկլինի որդու ԴՆԹ-ի հետ մասնակի համընկնում էր ցույց տվել: Ձգաբանական փորձաքննությունը հաստատել էր, որ զոհերից մեկը սպանվել է Ֆրանկլինի տանը հայտնաբերված զենքից: