Արմեն Լամբարյանի համար «Դատապարտյալների հիվանդանոցում» պայմաններն այնքան էլ բավարար չեն. փաստաբան
ՀասարակությունԵրկու ամսով կալանավորված «Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանի համար «Դատապարտյալների հիվանդանոցում» պայմաններն այնքան էլ բավարար չեն: NEWS.am-ի հետ զրույցւոմ Արմեն Լամբարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» Արմեն Լամբարյանին եւ «Սասնա ծռերի» մյուս անդամներին համապատասխան բուժօգնություն են ցուցաբերում «Էրեբունի» հիվանդանոցի հերթապահող բժիշկները.
«Հավաստիացնում են, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող բոլոր 6 հիվանդներին համապատասխան բուժօգնություն է տրամարդվում » ,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ Արմեն Լամբարյանը իր կալանավորման որոշման հրապարակումից հետո հայտարարել է, որ այդ որոշումն անօրինական է: Բացի այդ, փաստաբանը նշեց, որ «Սասնա ծռերի» անդամի հայտարարությունն այն մասին, որ պահանջում է պատասխանատվության ենթարկել իր նկատմամբ մահափորձ կատարողին, արդեն ընթացքի մեջ է, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Երեւանի «Էրեբունի» հիվանդացի Վերակենդանացման բաժանմունքից Արմեն Լամբարյանին եւ Թաթուլ Թամրազյանին տեղափոխել են հիվանդասենյակ:
Նշենք, որ Լամբարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Արմեն Լամբարյանն իրեն մեղավոր չի ճանաչել, եւ ասել է, որ պահանջում է պատասխանատվության ենթարկել իրեն մահափորձի ենթարկած անձին։