Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային հարված նախապատրաստելու մեջ
ՄիջազգայինՀյուսիսային Կորեան Խաղաղ օվկիանոսի շրջան ամերիկյան В-1В Lancer ռմբակոծիչներ ուղարկելու մասին հայտարարությունից հետո ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային հարված նախապատրաստելու մեջ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Միջուկային ուժի ամրապնդմանն ուղղված նման քայլերը կրկին վկայում են այն մասին, որ ամերիկյան իմպերիալիստները պատրաստվում են հարված հասցնել Հյուսիսային Կորեային»,- հյուսիսկորեական պաշտոնական լրատվամիջոցներն այսպես են մեկնաբանել Խաղաղ օվկիանոսի տարածաշրջան ամերիկյան ռմբակոծիչներ ուղարկելու մասին լուրերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն 10 տարվա ընթացքում առաջին անգամ ծրագրում է Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզի В-1В Lancer ռազմավարական ռմբակոծիչներ ուղարկել:
Ամերիկյան տարածաշրջանային հրամանատարությունը հաստատել է, որ օդանավերը պետք է Անդերսեն բազա ժամանեն՝ փոխարինելու В-52 ռմբակոծիչները:
В-1В Lancer օդանավերը գերձայնային ռազմավարական ռմբակոծիչներ են: Դրանք կարող են մինչեւ 56 տոննա հրթիռներ եւ ռումբեր կրել: