Եկել էր հիվանդ մորը տեսակցելու, հետո «Սասնա ծռերի» մյուս անդամների հետ գնացել էր. Գեւորգ Իրիցյանի եղբայր
Ուշադրության կենտրոնում«Սասնա ծռերի» անդամ Գեւորգ Իրիցյանը Ջավախքի Ախալցխա քաղաքի բնակիչ է, նա Երեւան էր եկել տարեց մորը տեսակցելու:NEWS.am-ի հետ զրույցում նրա եղբայր Վահագն Իրիցյանը պատմեց, որ Ջավախքից Երեւան էր եկել հուլիսի 16-ին, իսկ հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» մյուս անդամների հետ գնացել է ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու. «Տեղի ունեցածի մասին առավոտյան ենք իմացել, եկել էր հիվանդ մորը տեսակցելու, հետո գնացել էր»:
Վահագն Իրիցյանն ասաց, որ հաջողվել է կալանավորված Գեւորգ Իրիցյանին հագուստ եւ սնունդ ուղարկել. «Մի խնդիր կա ուղղակի, նա ողնաշարի գրիժա ունի եւ երկաթե սարք ունի, որը վզին էր դնում, որպեսզի բարդություններ չառաջանան: Հիմա էդ սարքը, քանի որ երկաթից է թույլ չեն տվել, որ փոխանցենք իրեն»,-ասաց Վահագն Իրիցյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գեւրոգ Իրիցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 218-րդ մասով (պատանդ վերցնելը):