Անդրիաս Ղուկասյանն արդեն 6-րդ օրն է շարունակում է հացադուլը
ՀասարակությունՍարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով հուլիսի 29-ին ձերբակալված «Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանն օգոստոսի 1-ին սկսած հացադուլը շարունակում է: NEWS.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ պաշտպանյալի առողջական վիճակը բավարար է, նրա վերքը կամաց-կամաց լավանում է:
Փաստաբանը նաեւ նշեց, որ Անդրիաս Ղուկասյանը ենթարկվել է ռենտգեն հետազոտության, սակայն, արդյունքները դեռ իրենց չեն փոխանցվել:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանն իր հացադուլի մասին հայտարարել էր է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ իր ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում:
Անդրիաս Ղուկասյանը նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ պահանջում է ժողովրդից Հայաստանում հաստատել սահմանադրական կարգ եւ վերականգնել արդարադատությունը, իրեն հասանելի բոլոր միջոցները:
Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-ի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 29-ի երեկոյան Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ոստիկանությունն ուժային գործողությունների է դիմել: ՊՊԾ գնդի առջեւ գտնվող տարածքը (Սարի թաղ) ազատելու մասին նախազգուշացումից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, հարձակվել մարդկանց վրա։ Պաշտոնական տվյալներով, 73 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոցներ: Ակցիայի ընթացքում նաեւ բազմաթիվ լրագրողներ են տուժել: Բերման է ենթարկվել 165 մարդ, որից 26-ը ձերբակալվել է: