Թուրքիան դեռեւս պատրաստ չէ ԵՄ անդամ դառնալ. Յունկեր
ՄիջազգայինԹուրքիան դեռեւս պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալ: Գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
«Թուրքիան այն վիճակում, ինչպիսին հիմա է, չի կարող Եվրամիության անդամ դառնալ: Առաջին հերթին, եթե, ինչպես ոմանք ասում են, նորից ներդնի մահապատիժը: Դա կհանգեցնի բանակցությունների անհապաղ դադարեցման»,- ասել է Յունկերը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա նշել է, որ բանակցությունների դադարեցման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր անդամների համաձայնությունը, ինչը ներկայում չկա:
ԵՄ-ն Անկարային ակնկալում է անհրաժեշտ բոլոր պայմանների կատարում: Միաժամանակ, Յունկերը Թուրքիայի հետ երկխոսությունը շարունակելու կոչ է արել: