Երթն ավարտվեց նախագահական նստավայրի դիմացի մայթին
Ուշադրության կենտրոնումԱզատության հրապարակից մեկնարկած երթը՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի, ավարտվեց նախագահական նստավայրի դիմացի մայթին։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ երթը հրապարակից հասել է Հանրապետության հրապարակ, ապա Մաշտոցի պողոտայով ցուցարարները եկել են Բաղրամյան պողոտա՝ նախագահական գնալու համար։
Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ցուցարարներին կանգնեցրեցին ոստիկանները՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ։ Վերջինս պնդեց, որ երթը կարող են անել միայն մայթով, այլ ոչ երթեւեկելի մասով։ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը վկայակոչեց ազատ տեղաշարժվելու իրավունքը, ի պատասխան Օսիպյանը նշեց, որ երթը խաղաղ է, դրա համար էլ թույլ են տալիս նախագահական գնալ մայթով։
Նախագահականի դիմացի մայթին ցուցարարները վանկարկեցին «Հող հանձնողին հանձնենք հողին», նաեւ պահանջեցին թույլ տալ իրենց մոտենալ նստավայրին։ Օսիպյանի մերժումից հետո երթի մասնակիցները շարունակեցին վանկարկե, պահանջեցին ազատ արձակել քաղբանտարկյալներին, կատարել «Սասնա ծռերի» պահանջները։
Վանկարկումներից հետո երթի մասնակիցները որոշեցին վերադառնալ Ազատության հրապարակ։ Վաղը ժամը 19-ին կրկին հանրահավաք է լինելու։