Լոնդոնի փողոցներում շատացել են զինված ոստիկանները
ՄիջազգայինԼոնդոնի փողոցներն օգոստոսի 3-ից ավելի մեծ թվով զինված ոստիկաններ են պարեկում: Այդ մասին հայտարարել են Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Հանը եւ քաղաքի ոստիկանապետ սըր Բեռնարդ Հոգան-Հոուն, տեղեկացնում է BBC-ն:
Քաղաքի իշխանություններն այս միջոցներին են դիմել Եվրոպայում ծայրահեղականների հաճախակի դարձած հարձակումներից հետո, մասնավորապես, Ֆրանսիայի Լազուրե ափին, որտեղ բեռնատարը մխրճվեց Նիսի առափնյա փողոցում Բաստիլի օրը տոնող բազմության մեջ:
«Հարձակումներ են տեղի ունեցել Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, եւ մեր կողմից հիմարություն կլիներ դա անտեսելը, ուստի կարեւոր է, որ փողոցներում լինեն զինված սպաներ, որոնք կկարողանան հակազդել սպառնալիքին»,-հայտարարել է Հոգան Հոուն:
Նրա խոսքով՝ զինված ոստիկանները քաղաքի առանձին շրջաններ պարեկելու են շուրջօրյա: Խոսքը նախեւառաջ վերաբերում է տուրիստական տեսարժան վայրերին եւ մարդկանց կուտակումների վայրերին:
«Շատ կարեւոր է, որ լոնդոնցիները վստահ լինեն, որ ոստիկանությունը եւ անվտանգության ծառայություններն ամեն ինչ անում են՝ ապահովելու իրենց անվտանգությունը»,-ասել է Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Հանը:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել է քաղաքի փողոցներում զինված ոստիկանների թվաքանակը 600-ով ավելացնելու պլանների մասին: Բրիտանական ոստիկանությունը նաեւ ծրագրում է զենքի կիրառում ուսուցանել եւս 1500 ոստիկանների:
Վերջին ամիսներին Եվրոպայում կատարվել են ծայրահեղականների մի շարք հարձակումներ: Նիսի զանգվածային սպանությունից բացի, հուլիսի վերջին հրաձգություն է տեղի ունեցել Մյունխենի առեւտրական կենտրոններից մեկում:
Մի քանի օրից ծայրահեղականները Ֆրանսիայի Նորմանդիայի մարզի Սենտ Էտիեն դյու Ռուվրե քաղաքում հարձակվել են եկեղեցու վրա: Նրանք սպանել են քահանային եւ վերքեր հասցրել ծխականներից մեկին: Ավելի ուշ պարզվել է, որ հարձակվողներից մեկը գտնվում էր ոստիկանության հսկողության տակ:
Հարձակումների մեծ մասի պատասխանատվությունն ստանձնել է շատ երկրներում, նաեւ Բրիտանիայում, արգելված «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը: