Ավետ Բարսեղյանը կվարի «Угадай мелодию» հաղորդման հայկական տարբերակը
Ուշադրության կենտրոնումՀանրային հեռուստաընկերությունը պատրաստվում է նոր եթերաշրջանին: Հաղորդավար Ավետ Բարսեղյանը Life.panorama.am-ին այսօր տեղեկացրեց, որ հանրահայտ «Угадай мелодию» հաղորդման հայկական տարբերակը՝ «Գուշակիր մեղեդին» սեպտեմբերին Հանրայինի եթերում կլինի: «Որոշ ժամանակ առաջ հրավեր ստացա Հանրային հեռուստաընկերության կողմից՝ վարելու «Գուշակիր մեղեդին» հաղորդումը եւ սիրով համաձայնեցի: Այս պահին շտապում եմ հերթական նկարահանմանը: Պետք է նկատեմ, որ մեր արտիստները, ովքեր այս խաղ-հաղորդման մասնակիցներն են, մեծ հաճույքով են գալիս նկարահանումների: Տաղավարում իսկական տոն է, դա թերեւս հաղորդման ձեւաչափին համապատասխան միտում է, քանի որ եթե հիշենք ռուսաստանյան տարբերակը, ապա կնկատենք, որ որպես հեռուստադիտող էլ զգում էիր այդ լարված, բայց եւ ուրախ մթնոլորտը»:
Վերջին օրերին հայկական շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ իրենց սոցիալական էջերում տեղադրում են լուսանկարներ՝ ակնարկելով, որ շուտով հայկական հեռուստաեթերը կհամալրվի նոր ծրագրով: Լուսանկարներից պարզ է դառնում, որ նկարահանումները բավականին ուրախ են անցնում մեր արտիստների համար:
«Գուշակիր մեղեդին» հաղորդման տաղավարը հագեցած է լուսային բարձրորակ էֆեկտներով, տաղավարում ներկա կգտնվի նաեւ կենդանի նվագախումբը: