ԱՄՆ փոխնախագահների թեկնածուներն արտահայտված դիրքորոշում ունեն հայկական հարցերի վերաբերյալ
HeaderԱՄՆ փոխնախագահի' Դեմոկրատական կուսակցության թեկնածու Թիմ Քեյնը տարիներ շարունակ աջակցել է ԱՄՆ օրենսդիր և գործադիր մարմինների կողմից հայկական հարցերի արծարծմանն ու լուծմանը:
Ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը, Քեյնը եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից Ռիչմոնդի քաղաքապետ, իսկ այնուհետև Վիրջինիայի նահանգապետ՝ ընտրվելու առաջին իսկ օրերից:
Քեյնը հանձնախմբի կողմից ունի «C+» (լավագույնը A-ն է, վատագույնը՝ F-ը) գնահատականը հայկական խնդիրներին իր ուշադրության և աջակցության համար:
2014թ. լինելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ Քեյնը փոփոխություններ է առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող 410 բանաձևում և կողմ է քվեարկել այդ բանաձևին:
«Օսմանյան կայսրությունում 1915թ. հայերի դեմ ցեղասպանությունը փաստ է. ՄԱԿ-ում մեր դեսպանը գիրք է գրել այս մասին: Մենք նրան հաստատել ենք այդ պաշտոնում նշված հարցում իր ներգրավվածության համար»,- նշել էր Քեյնը:
Հայկական խնդիրների վերաբերյալ ակտիվորեն դիրքորոշումներ է արտահայտել նաև ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու Մայք Փենսը: 2005թ. լինելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ Փենսը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 195 և 316 բանաձևերին, սակայն 2007 և 2010 թվականներին դեմ է քվեարկել նմանատիպ բանաձևերի: «Դեմ» քվեարկելը Մայք Փենսը բացատրել է, որ կասկածի տակ չի դնում Հայոց ցեղասպանության փաստը, սակայն կարծում է, որ այդ բանաձևերի ընդունումը կարող է բացասաբար անդրադառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: