ՄԱԿ-ում վրդովված են Պավել Շերեմետի սպանությունից եւ լիակատար հետաքննություն անցկացնելու կոչ են անում
ՄիջազգայինՄԱԿ-ի քարտուղարությունը վրդովված է Ուկրաինայում լրագրող Պավել Շերեմետի սպանությունից եւ այդ հանցագործության հանգամանալից հետաքննություն անցկացնելու կոչ է անում: Հուլիսի 20-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Խաքը:
«Ցավակցություններ ենք հայտնում նրա ընտանիքին: Այդ հարձակումը վրդովեցուցիչ է եւ պետք է լիովին հետաքննվի»,- ասել է նա:
Հուլիսի 20-ին առավոտյան Կիեւի կենտրոնում պայթել է այն ավտոմոբիլը, որով Շերեմտը գնում էր ռադիոյի առավոտյան եթերի: Լրագրողը տեղում զոհվել է: Ավտոմոբիլը պատկանում է Ելենա Պրիտուլեին (Շերեմետի կնոջը եւ «Ուկրաինսկայա պրավդա» ինտերնետ-հրատարակության ղեկավարին), սակայն նա ավտոմեքենայում չի եղել: Ոստիկանության նախնական տվյալներով՝ ավտոմոբիլի պայթյունի պատճառ է դարձել պայթուցիկ սարքը, Շերեմետի ավտոմոբիլի պայթյունը նախապես որակվել է որպես դիտավորյալ սպանություն: