Թուրքիայում 7 հազար 850 ոստիկան հեռացվել է աշխատանքից
ՄիջազգայինԹուրքիայում ռազմական հեղաշրջում իրականացնելու փորձի առնչությամբ ոստիկանական համակարգից հեռացվել է 7 հազար 850 ոստիկան: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը ոստիկանները կանչվել են անվտանգության վարչություն, որտեղ նրանց մոտից առգրավվել են զենքերը և վկայականը: Հետագայում նրանց դեմ դատական գործընթաց կսկսվի:
Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ երկրում «զտումները» շարունակվում են, ձերբակալված է շուրջ 6 հազար մարդ: Ակնկալվում է, որ այս թիվն առաջիկայում ավելանալու է:
Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։