Նիսում ահաբեկչության ժամանակ հայ կնոջը սպանել են երեխաների աչքի առջեւ
ՄիջազգայինՆիսում հուլիսի 14-ին ահաբեկչության հետեւանքով մահացած 24-ամյա Արեւիկը երկու երեխաների մայր էր:
NEWS.am-ի տեղեկություններով՝ երիտասարդ հայ կինը դեպքի վայրում եղել է մանկահասակ երեխաների, ամուսնու եւ սկեսուրի հետ: Երիտասարդ կինը մահացել է նրանց աչքի առջեւ:
Նշենք, որ ընտանիքը բնակվում էր Նիսում, Հայաստանի քաղաքացիներ էին:
Հայաստանի ԱԳՆ տվյալներով, Նիսում ահաբեկչությունից ՀՀ երկու քաղաքացի է զոհվել: Նա մանկահասակ երեխա ուներ: Իր հերթին Հայ եկեղեցու Նիսի հոգեւոր հովիվ Հայր Գրիգոր աբեղա Խաչատրյանը NEWS.am-ին հայտնել է, որ վիրավորների մեջ կա երեք հայ:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Նիսի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Բեռնատարը, մոտ 2 կմ զիգզագաձեւ շարժվելով, փորձել է հնարավորինս շատ մարդկանց ճզմել։ Հետո վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Ոստիկանության գործողությունների արդյունքում նա սպանվել է։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ։
Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 84 մարդ, ավելի քան 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վարորդը Ֆրանսիայի եւ Թունիսի քաղաքացի է։ Նա 31 տարեկան է։ Նախկինում ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել գողության եւ խուլիգանության համար։