Բաքվում բողոքի ցույց է անցկացվել
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել Աշխատանքի եւ սոցապահովության նախարարության շենքի առջեւ: Այս մասին հաղորդում է ANS TV-ն:
Ցուցարարների պնդմամբ, չեն կարողանում ստանալ հասցեական սոցիալական օգնությունը: Ակցիայի մասնակիցները փորձել են փակել տրանսպորտի երթեւեկությունը, սակայն իրավապահները կանխել են նրանց գործողությունները:
Դժգոհության պատճառ է դարձել նախարարության ներդրած նոր համակարգը, ըստ որի՝ հասցեական օգնությունն այսուհետ հատկացվում է էլեկտրոնային տարբերակով: Մարդիկ դժգոհում են, որ չեն հասկանում նոր համակարգից եւ չեն կարողանում ստանալ սոցիալական օգնությունը:
Նախարարության ներկայացուցիչ Էլման Բաբաեւի խոսքով՝ նոր համակարգին անցման նպատակը սոցիալական օգնության տեղաբաշխման գործընթացն ավելի թափանցիկ դարձնելն է: Նա նաեւ նշել է, որ նրանք, ովքեր գլուխ չեն հանում նոր համակարգից, կարող են փոստի միջոցով նախարարություն դիմել: