Երեւանում կացնահարված հոր ու դստեր վիճակը կայունացել է
ՀասարակությունԵրեւանում հուլիսի 8-ին կացնահարված 37-ամյա Թագուհու ու 62-ամյա Վաչագան Մանսուրյանների վիճակը կայունացել է: Այս մասինNEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում են հայր ու դուստր Մանսուրյանները:
Նրանք այսօր կամ վաղն արդեն հիվանդասենյակ կտեղափոխվեն: Նշենք, որ հայր ու դուստր գանգուղեղային բաց վնասվածքներ էին ստացել, նրանք վիրահատվել են: Կացնահարվել էր նաեւ ընտանիքի 60-ամյա մայրը, որը տեղում մահացել է: Կատարվածում կասկածում են Թագուհու նախկին ամուսնուն, որը ոստիկանությունում ընդունել է, որ ինքն է կատարել արարքը, ասել է, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ սպանություն եւ 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, արնանման հետքերով կացին, դատարկ գարեջրի շիշ, ձեռքի մատ, որը պատկանում է 62-ամյա Վաչագան Մանսուրյանին: